National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.03.2023
Կուտակումների իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան
1 / 3

Ուզում եմ՝ հստակ հասկանանք, որ տեղաշարժերը, կուտակումները պետք է խոր ուսումնասիրության ենթարկվեն, որ հասկանալի լինի, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար: Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում  մարտական գործողությունների նախապատրաստում: Շարժերի ծավալի, ուղղություների խոր վերլուծությունից հնարավոր կլինի հասկանալ, թե իրականության մեջ դա ինչ նպատակ է հետապնդում. ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մարտի 23-ին ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

Այս համատեքստում պատգամավորն արձանագրել է, որ հրադադարի ռեժիմի խախտումն ավելացել է, հատկապես Արցախի շփման գծի ուղղությամբ: Նրա խոսքով Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներն արտահայտվում են քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով. դրանով Ադրբեջանը փորձում է խոչընդոտել գյուղատնտեսական գործերի իրականացմանը, ինչը խնդիրներ է ստեղծում  պարենային անվտանգության տեսանկյունից:

Պատգամավորը տեղեկացրել է, որ վերջին երկու օրվա  ընթացքում ամենաընդգծված միջադեպը երեկ Երասխի ուղղությամբ թշնամու կողմից խոցումն է, որի հետեւանքով ունենք զոհ:

Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից ռուս զինծառայողների ուղղությամբ կրակահերթին: Նրա կարծիքով դա եղել է նպատակաուղղված, որովհետեւ ադրբեջանական կողմը տեղյակ է եղել այն մասին, որ ռուս խաղաղապահները մոտենում են դեպքի վայր:

Խմբակցության քարտուղարը նշել է, որ այս պահին առաջնագծում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, Հայաստանի իշխանության հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը վերջին շրջանում հետ է կանգնել ձեռքբերված պայմանավորվածություններից եւ առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այլեւս բանակցելու հնարավորություն չկա:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Տիգրան Աբրահամյանը նշել է, որ մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն մեկ պատճառ կարող է լինել, եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից, այսինքն՝ համաձայնի բոլոր այն առավելապաշտական մոտեցումներին, որոնք ներկայացրել է Ադրբեջանը: Ընդդիմադիր պատգամավորը չի բացառել նաեւ, որ Հայաստանի վրա գերտերությունների կողմից կարող են ճնշումներ լինեն, որ շուտ ստորագրվի խաղաղության պայմանագիրը:

Լրագրողի այն հարցին, թե ռուսական կողմից ինչ արձագանք կհնչի նրանց վրա կրակոցների վերաբերյալ, պատգամավորն ասել է. «Ռուսական կողմը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում փորձում է այդ ազդանշանները հնչեցնել ոչ հանրային խողովակներով: Սյունիքում տեղակայված ե՛ւ ռուսական զորքերը, ե՛ւ ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունն ակնհայտորեն որոշակի խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի համար: Ադրբեջանական ագրեսիվությունը դրսեւորվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արցախում: 44-օրյա պատերազմից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվել էին  Արցախում, այդ փուլում էլ դրանք դրսեւորվել են:  Սկսած Փառուխի, Քարագլխի ուղղությամբ ադրբեջանական ներխուժումներով, վերջացրած նախորդ տարի Բերձորի շուրջ ստեղծված իրավիճակով՝ Ադրբեջանը տարբեր բարձունքների նկատմամբ վերահսկողություն էր սահմանում եւ այդ ժամանակ, բացի երկկողմ զոհերից, ուղեկցվում էր նաեւ ռուս խաղաղապահների հետ տարբեր միջադեպերով: Սա նոր դրսեւորում չէ»,- ասել է պատգամավորը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am